Կոմունան ստեղծվել է 2014թ․ և ի սկզբանե մտածված է եղել որպես կոմունիստական իդեալի շուրջ միավորված արվեստագետների և ակտիվիստների բաց կոլեկտիվ։ Այն գրանցվել է Հայաստանում որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն։ Կոմունան նպատակ ունի ժամանակակից աշխարհում՝ օտարացման և աղքատացման պայմաններում, ստեղծել (co-think) քաղաքական պայքարի նոր ընկալումներ ու ձևեր։

Առաջին անգամ ֆինանսավորում է ստացել 2015 թ․ (NED հիմնադրամի կողմից երկու տարի տևողությամբ ծրագրի համար), ինչը հնարավորություն է տվել ունենալ տարածք (Հրաչյա Քոչար 13, արվեստանոց 33 հասցեով), որը օգտագործվել է որպես պլատֆորմ և հավաքատեղի ձախակողմյա հայացքներ ունեցող մարդկանց, նախաձեռնությունների և նախագծերի համար։ 2017 թ․ Հենրիխ Բյոլ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, «Ազատ լրագրողների ցանց» ՀԿ֊ի հետ համատեղ անցկացրել է երկրում առաջին Ձախ ֆորումը՝ երեք օր տևողությամբ հավաք, որը միավորել է ձախ հայացքներ ունեցող 49 ակտիվիստների, արվեստագետների և տեսաբանների։

Մենք ընկալում ենք Կոմունան որպես տարածք՝ չարտոնյալ և լուսանցքայնացված խմբերի ինքնակրթության, վերախմբավորման և իրենց ձայնը ավելի լսելի դարձնելու համար։ Որպես բնական դաշնակից Կոմունան տեսնում է կանանց, ԼԳԲՏ անձանց և աշխատանքային իրավունքներով զբաղվող կազմակերպությունները և կոլեկտիվները։

Այս պահի դրությամբ կոմունան շարունակում է իր ակտիվիստական ու կրթական (բանախոսություններ, քննրկումներ, ընթերցանության խմբեր, թարգմանություններ) գործունեությունը, ինչպես նաև տարածք է տրամադրում այլ համախոհ հանդիսացող նախաձեռնությունների գործունեության համար։